ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Հայաստանը թույլ չի տա, որ ղարաբաղցին ասի` գոհ չեմ»

«Հայաստանը թույլ չի տա, որ ղարաբաղցին ասի` գոհ չեմ»
26.05.2009 | 00:00

«ՄԵՆՔ ՃԳՆԱԺԱՄԵՐԻՆ ՍՈՎՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ»
Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ քաղաքներից է Մարտունին, որն այսօր, զինադադարի պայմաններում, ապրում է բնականոն հունով` առտնին հոգսերի շրջապտույտում լուծումներ գտնելով։ Շուրջ 5 հազար բնակիչ է ապրում կանաչապատ այս քաղաքում, որն ունի մանկապարտեզներ, մշակույթի կենտրոն, հիվանդանոց, որը ներկայումս վերակառուցվում է։ Մարտունեցիների համար առաջնային խնդիր է խաղաղության, կայունության պահպանումը, ինչի պարագայում, ինչպես իրենք են պնդում, բոլոր հարցերը լուծելի կլինեն։ Մեր զրույցը Մարտունու քաղաքապետ ՆԵԼՍՈՆ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ հետ սահմանամերձ քաղաքի խնդիրների ու դրանց լուծման ուղիների շուրջ էր, սակայն, մինչ այդ, քաղաքապետից հետաքրքրվեցինք` բնակչության արտահոսք այս հեռավոր քաղաքից կա՞, թե՞ չկա։
-Բնակչության թիվը պահպանվում է, և արտահոսք գրեթե չկա։ Ավելին, այսօր որոշ վերապահումով կարելի է բնակչության աճ արձանագրել։ Օրերս մի ընտանիք ևս Հայաստանից տեղափոխվել է Մարտունի և արդեն ապահովվել աշխատանքով։ Ընդհանրապես, Մարտունիում ավելի շատ բնակվելու են գալիս Արտաշատ քաղաքից, և բոլոր բնակվել ցանկացողներին անխտիր տրամադրվում է տուն, միաժամանակ ապահովվում են աշխատանքով։
-Որպես սահմանամերձ քաղաքի ղեկավար` Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումների առնչությամբ որոշակի մտահոգություններ չունե՞ք։
-Ո՛չ, քանի որ հաստատ, հարյուր տոկոսով գիտեմ, որ մենք միշտ ապրել ու ապրելու ենք այս հողում։ Համոզված եմ նաև, որ Հայաստանի իշխանությունը ոչ մի զիջման չի գնա, իսկ տեղի բնակչությունը, նույնիսկ այս ճգնաժամի պայմաններում, չի հուսալքվում, այլ շարունակում է աշխատել ու արարել։ Հայաստանն ու Ղարաբաղն էլ պետական մակարդակով ամեն ինչ անում են, որպեսզի համատեղ դուրս գան տնտեսական դժվարին իրավիճակից։
-Ասել է` գոհ եք ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից։
-Ոչ միայն ես եմ գոհ, այլև քաղաքի բնակչության 50 տոկոսից ավելին, ովքեր իրենց ձայնն ինձ են վստահել։ Ես կռվի տարիներից եմ ծանոթ Հայաստանի երրորդ նախագահին ու ոչ միայն հավատում եմ նրան, այլև լիովին համոզված եմ, որ ճիշտ քաղաքականություն է իրականացնում ղարաբաղյան հիմնախնդրի հարցում։ Հետևելով նրա աշխատանքին` հավատացած եմ, որ ոչ մի սխալ քայլ Ղարաբաղի հանդեպ չի արվել ու չի արվելու։ Հայաստանը թույլ չի տա, որ ղարաբաղցին ասի` գոհ չեմ։ Մենք վստահում ենք ՀՀ իշխանություններին ամբողջությամբ։
-Ֆինանսատնտեսական ճգնաժամն ի՞նչ վնասներ է հասցրել Մարտունու տնտեսությանը։
-Հիմնականում բյուջեից հատկացվող գումարն է շուրջ 50 տոկոսով կրճատվել, բայց դրա փոխարեն փորձում ենք հարկերի միջոցով առկա խնդիրները լուծել։ Հիմա են ասում` վա՜յ, ճգնաժամ է եկել, բայց մենք ճգնաժամերին սովոր ժողովուրդ ենք։ Սրան զուգահեռ, մշտապես աշխատել ենք ու յոլա գնացել։ Ղարաբաղցուն շատ դժվար է խեղճացնելը։ Պետք է նշեմ նաև, որ կառավարությունն էլ մեծ ուշադրություն է դարձնում գյուղացու հոգսերին` թե՛ այգիներ տնկելու, թե՛ մշակելու ուղղությամբ։ Խրախուսում են և՛ ֆինանսապես, և՛ բարոյապես։ Օրինակ, ցորենի դաշտերի մշակման համար, որը սեփական հող է, և՛ ցորեն են տալիս, և՛ տեխնիկայի գումարն ու անգամ մկնդեղի փողը։ Այսինքն, բոլոր պայմանները ստեղծում են, որ բնակիչը շահագրգռվի հող մշակելու հարցում։ Բացի այդ, արտոնյալ վարկեր, ինչպես նաև նռան, արքայանարնջի (կորոլյոկ), խնձորենու տնկիներ են տրամադրում։ Մեզ մոտ կառավարության ծրագրով ու ֆինանսավորմամբ 720 հա ոռոգելի տարածք է ստեղծվել, որ հող մշակել ցանկացողները կարողանան այն օգտագործել։ Ի միջի այլոց, Իրանից հայեր են եկել ու Մարտունիում ցորենի, եգիպտացորենի, սոյայի դաշտեր են մշակում։
-Այսօր խոսվում է հայ-թուրքական սահմանի բացման մասին։ Ինչքանո՞վ դա նպաստավոր կլինի Ղարաբաղի տնտեսության համար։
-Ես ավելի շատ տնտեսությամբ զբաղվող մարդ եմ ու դրա քաղաքական ենթատեքստի մասին ոչինչ չեմ կարող ասել։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա անձամբ խաղողի այգիներ ունեմ, որից պատրաստված գինին մեծ համբավ է վայելում, մինչդեռ չենք կարողանում այն արտաքին շուկա հանել, քանի որ չճանաչված պետություն ենք, ու մեզ հետ հաշվի չեն նստում։ Միգուցե սահմանը բացելուց հետո կկարողանանք Եվրոպա դուրս գալ, ինչը ենթադրում է տնտեսության ակտիվացում։ Այս առումով դրական եմ գնահատում այդ նախաձեռնությունը։ Ի վերջո, մենք հարևաններ ենք ու չենք կարող այդ հարևանին իր տեղից պոկել ու բերել ուրիշին: Պետք է հարևանություն անել` երբեք անցյալը չմոռանալով։ Այդ պետության կողմից մեր ժողովրդին հասցրած ծանր տառապանքները ողջ աշխարհը պետք է դատապարտի։ Այսօր հենց այդ գործընթացն է քայլ առ քայլ առաջ գնում, որը վերջնական լուծում կստանա ցեղասպանության ճանաչումով։
-Անդրադառնանք Մարտունիում իրականացվող ծրագրերին։ Առաջիկա տարիներին քաղաքի համար ինչպիսի՞ հեռանկարներ են նախատեսվում։
-Այսօր Մարտունիում չեն կառուցվում գործարաններ, բայց այն, ինչ կա, ակտիվ գործում է։ Շինարարությունը, ցավոք, դանդաղ է ընթանում։ Այս տարի կառավարության ծրագրով մարզադահլիճը կվերանորոգվի, ինչի շնորհիվ մեր երիտասարդները կսկսեն իրենց պարապմունքները։ Մենք ունենք շատ շնորհալի մարզիկներ, ովքեր իրենց ունակությունները կարող են ցույց տալ և՛ հանրապետական, և՛ միջազգային օլիմպիադաներում։ Սակայն հիմնական ծրագրերը վերաբերում են խաղողի, խնձորի, արքայանարնջի այգիների մշակմանը, ինչի համար կառավարությունը բավականաչափ գումարներ է հատկացրել։ Ղարաբաղը նաև նռան երկիր է, ու մեր նուռը մեծ համբավ ունի։ Այսինքն, մեր բոլոր ծրագրերը միտված են գյուղատնտեսության զարգացմանը, որովհետև Արցախի բանակը ևս հացի, մրգերի, բանջարեղենի մեծ պահանջարկ ունի։ Որպեսզի դրսից չներկրենք հանապազօրյա սնունդը, պետք է հենց տեղում դրա խնդիրը լուծել։ Սա նպաստում է նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1660

Մեկնաբանություններ